Դեսպանության շենք

 

Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղակայված է Իսպանական Գաղութատիրական Վերածննդի ոճի գեղեցիկ շենքում: Առաջին բնակիչը 1908թ. եղել է Ջոն Հ. Գորմանը` Սբ. Լոուրենսի փայտազանգվածի և թղթի ընկերության ղեկավարը, ով բնակվել է այստեղ մինչև 1914թ.:

1914թ. իրավաբան Դոնալդ Հ. Մակլինը մեկ տարի է անցկացրել 7 Դելավեր պողոտայում, որից հետո շենքը մեկ տարի ազատ է եղել:

Շենքի երկարամյա բնակիչներից է եղել Ջոն Գլիսոնը`«Ստանդարտ Փեյվինգ Լիմիթեդ» ընկերության նախագահը, ով բնակվել է այստեղ մինչև 1946թ. (պատկերված է ստորև` տիկնոջ հետ):

1922թ. շենքը վերափոխվել է հայտնի կանադացի ճարտարապետ Վ.Է. Նոֆֆկեի կողմից: Արտաքին հարդարումը ստացել է ներկայիս դեղին գույնի երանգը:

Երկու տարի անց այստեղ է տեղակայվել Ուրուգվայի դեսպանությունը, որը շենքի երեք դիվանագիտական ներկայացուցչություններից առաջինն էր:

Կանադայի թագավորական օդային ուժերի ստորաբաժանումը զբաղեցրել է շենքը 1951թ.-ից` տասներկու տարով:

Այնուհետև այս հասցեում 30 տարով` 1965-1995թթ., գտնվել է Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը:

1995թ. շենքը գնվել և Հայաստանի Հանրապետությանն է նվիրաբերվել ականավոր ամերիկահայ գործարար և բարերար Սարգիս Հակոբյանի կողմից` ի հիշողություն իր ծնողների` բժիշկներ Գրիգոր և Արաքս Հակոբյանների: 1995թ. մարտին Կանադայում ՀՀ դեսպանությունը դարձավ երրորդ օտարերկրյա ներկայացուցչությունը, որ զբաղեցրեց Օտտավայի պատմական ժառանգության մաս կազմող շենքը: 

Կառույցը վերանորոգվել է 2005թ. հայ ճարտարապետների և շինարարների կողմից: Շենքի դիմաց գտնվող «Անմահ Հայաստան» հուշարձանը (քանդակագործ Լևոն Թոքմաջյան) բացվել է 2002թ. սեպտեմբերի 21-ին:

2008թ. Օտտավայի քաղաքապետարանը դեսպանության շենքին շնորհել է Օտտավայի պատմամշակութային ժառանգության կարգավիճակ: Որպես այդպիսին` դեսպանությունն ամեն տարի բացում է իր դռները հարյուրավոր այցելուների համար, ովքեր հետաքրքրված են շենքի ճարտարապետությամբ և Հայաստանի հարուստ պատմությամբ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր