Լուրեր

ՀՀ Անկախության 26-ամյակին նվիրված միջոցառումներ Կանադայում

24.09.2017

Կից լուսանկարներ

Սետպեմբերի 22-ից 24-ը ՀՀ դեսպանության հովանու ներքո Կանադայում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ` նվիրված ՀՀ Անկախության 26-ամյակին:

ՀՀ Անկախության 26-ամյակին նվիրված միջոցառումներ Կանադայում

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Սետպեմբերի 22-ից 24-ը ՀՀ դեսպանության հովանու ներքո Կանադայում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ` նվիրված ՀՀ Անկախության 26-ամյակին:

Սեպտեմբերի 22-ին Մոնրեալ քաղաքում Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Կանադայի մասնաճյուղի կազմակերպմամբ տեղի ունեցավ տոնական միջոցառում, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը: Միջոցառմանը մասնակցում էին կանադացի խորհրդարանականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևոր հայրեր, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Իր ելույթում դեսպան Մարտիրոսյանը նշեց, որ Կանադայի Գեներալ Նահանգապետին իր հավատարմագրերի հանձնումից հետո սա առաջին պաշտոնական միջոցառումն է, որին ինքը մասնակցում է: Շնորհավորելով հայ համայնքի անդամներին ՀՀ պետական տոնի կապակցությամբ` դեսպանը վստահություն հայտնեց, որ համատեղ ակտիվ աշխատանքի շնորհիվ հայ-կանադական հարաբերություններն ավելի են զարգանալու` բացելով համագործակցության նոր հորիզոններ:

Երեկոյի ընթացքում հայ երաժշտությունն ու պարարվեստը ներկայացնող կատարումներով հանդես եկան կանադահայ հայտնի երաժիշտներ և պարախմբեր:

Սեպտեմբերի 23-ին ՀՀ Անկախության 26-ամյակին նվիրված ևս մեկ միջոցառում տեղի ունեցավ Մոնրեալում Քվեբեքի Հայ Համայնքի Միացյալ մարմնի կազմակերպմամբ, որին ներկա էին կանադացի խորհրդարանականներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, բազմաթիվ մոնրեալահայեր:

Իր ելույթում դեսպան Մարտիրոսյանն ընդգծեց ՀՀ Անկախության տարեդարձի նշանակությունը` նշելով, որ անցած 26 տարիների ընթացքում մեր երկիրն ապացուցել է, որ արժանի է իր տեղն ունենալու ժողովրդավար երկրների միջազգային ընտանիքում: «Սեպտեմբերի 21-ը իրավմամբ հանդիսանում է հայոց ժամանակակից պետականության զարթոնքի օրը: Մեր բոլորիս առաքելությունն է` այդ օրն ամեն տարի նշելով գրանցված նորանոր հաջողություններ ունենալ», - եզրափակեց ՀՀ դեսպանը:

Միջոցառմանը կատարվեցին հռչակավոր հայ երգահանների ստեղծագործություններ, ինչպես նաև պարային համարներ:

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում կայացավ Մարքհեմ քաղաքում (Տորոնտո) գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հույսի անտառ» պուրակում:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը, Մարքհեմի քաղաքապետ Ֆրենկ Սքարպիտին, հոգևոր հայրեր, կանադացի խորհրդարանականներ, դիվանագետներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Իր ելույթում դեսպան Մարտիրոսյանը նշեց, որ խորհրդանշական է ՀՀ Անկախության տոնումը «Հույստի անտառ» պուրակում, որը հայությանը պատած մեծագույն արհավիրքից` Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի վերածնունդն է մարմնավորում: Դեսպանը շնորհակալություն հայտնեց Մարքհեմի քաղաքապետին` հայ համայնքին մշտապես ցուցաբերած աջակցության համար:

Միջոցառման ընթացքում հայ երաժշտության և ժողովրդական պարերի կատարումներով հանդես եկան տորոնտոհայ համայնքային երգչախմբեր և պարախմբեր:

Նույն օրը ՀՀ դեսպանն այցելեց Տորոնտոյի Սուրբ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցի ու Հայ կենտրոն և հանդիպում ունեցավ տորոնտոհայ համայնքային կազմակերպությունների ղեկավարների հետ‬:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր