Լուրեր

Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանի ելույթը Հայաստանի Հանրապետության Անկախության 26-ամյակի կապակցությամբ

24.09.2017

Կից լուսանկարներ

Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանի ելույթը Հայաստանի Հանրապետության Անկախության 26-ամյակի կապակցությամբ

Ամբողջ ալբոմ »

                                                   Սեպտեմբեր 22, 23, 24, 2017թ., Մոնրեալ, Տորոնտո

Հայրենակիցնե՛ր,

Այսօր ինձ առաջին անգամ հնարավորություն է ընձեռնվում ելույթ ունենալ կանադահայ մեր հայրենակիցների առջև: Ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի 2017թ. հուլիսի 12-ի հրամանգրով նշանակվել եմ Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Սեպտեմբերի 1-ին ընտանիքիս հետ միասին ժամանել եմ Կանադա և սեպտեմբերի 12-ին Քեբեքում հավատարմագրերս եմ հանձնել Կանադայի Գեներալ Նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնին: Ինձ համար պատիվ և հպարտություն է առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչը լինելու այնպիսի հիասքանչ երկրում, ինչպիսին Կանադան է, ուստի ջանք չեմ խնայելու` իմ առջև դրված նպատակներում հաջողելու գործում:

Մինչ բուն խոսքիս անցնելը կցանկանայի շնորհակալություն հայտնել նախորդ դեսպանին` Արմեն Եգանյանին, հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում իր ներդրած նշանակալի ավանդի համար:

Հարգելի՛ բարեկամներ,

Այս տարի մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձը: Անցած 26 տարիների ընթացքում մեր երկիրն ապացուցել է, որ արժանի է իր տեղն ունենալու ժողովրդավար երկրների միջազգային ընտանիքում: Աշխարհի որ ծայրում էլ հնչել է «Armenia» անվանումը, այն կապված է եղել մեր ազգը ներկայացնող մարդկանց` տարբեր բնագավառներում ներդրած ջանքերի հետ: Այդ համախմբված ջանքերը մեզ բերել են մի հանգրվանի, ուր մենք ի մի ենք բերում ձեռքբերումները և տրամադրվում ենք` հաղթահարելու նոր խոչընդոտներ յուրաքանչյուրիս երազած Հայաստանի կառուցման գործում: Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի 26-ամյա զավակն է, ով գտնվելով իր ուժերի ծաղկման շրջանում` պատրաստ է զարգացման նոր հորիզոններ բացահայտելուն: Եվ մենք պիտի առաջնորդենք նրան դեպի այդ նոր հորիզոնները:

Այս տարին հիշարժան է նաև նրանով, որ նշվում է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ակնթարթի պես է ժամանակն անցել այն պահից, երբ Նյու Յորքում տեղակայված Միացյալ Ազգերի կենտրոնակայանում 1992թ. հունվարի 31-ին նորանկախ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը և Կանադայի արտաքին հարաբերությունների պետքարտուղար Բարբարա ՄքԴուգալը ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ համատեղ հռչակագիրը: Ակնթարթ թվացած այդ ժամանակահատվածում, սակայն, հայ-կանադական հարաբերությունները հասցրել են զարգանալ և հասնել մի հանգրվանի, երբ երկկողմ փոխգործակցության գրեթե բոլոր ոլորտներում ակտիվ շփումներ են հաստատված: Այսօր հայ-կանադական հարաբերությունները վերընթաց սլացքով առաջ են գնում քաղաքական, տնտեսական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մյուս ոլորտներում: Ակտիվ փոխգործակցություն է հաստատված մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում: Այդ կազմակերպությունում իր իրականացրած ակտիվ աշխատանքի շնորհիվ էլ Հայաստանն արժանացավ 2018թ. անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Երևանում կազմակերպելու պատվին: Ի թիվս այլ պաշտոնական պատվիրակությունների, մենք Երևանում սպասելու ենք նաև կանադական պատվիրակությանը` վարչապետ Ջասթին Թրյուդոյի գլխավորությամբ:

Հայ-կանադական քաղաքական օրակարգը լեցուն է և հագեցած: Դա ևս մեկ անգամ փաստվեց մի քանի օր առաջ Նյու Յորքում կայացած` Հայաստանի և Կանադայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Քրիսթիա Ֆրիլանդի հանդիպման ընթացքում:

Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս մեր երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը: Այս ոլորտում թեև ձեռքբերումներն ակնհայտ են, սակայն եղածը մեզ չի բավարարում: Կանադական կապիտալով Հայաստանում աշխատող ընկերությունների թվի ավելացումը լինելու է իմ աշխատանքի առանցքային ուղղություններից մեկը:

Մյուս ոլորտը, որին մեծ ուշադրություն եմ դարձնելու Կանադայում իմ դիվանագիտական առաքելության ընթացքում, կրթությունն է: Պատրաստվում եմ հանդիպումներ ունենալ կանադական առաջատար ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ` քննարկելու կրթության ոլորտում մեր երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները:

Այս տարի նշվում է նաև Կանադայի Համադաշնության 150-ամյակը, և այդ կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են կայացել և կայանալու ինչպես Կանադայում, այնպես էլ Հայաստանում: Կենտրոնական միջոցառումներից մեկը, թերևս, հունիսի 9-ին Օտտավայում կանադահայ հռչակավոր լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշարձանի բացումն էր: Դա հնարավոր եղավ կանադահայ մեր համայնքի ակտիվ աջակցությամբ և Կանադայի ժառանգության նախարարության ու Մայրաքաղաքային հանձնաժողովի հետ համագործակցությամբ: Ուստի մենք ևս մեկ անգամ շնորհավորում ենք Կանադային` Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ: Թող այս հրաշալի երկիրը մշտապես բարգավաճի և հպարտ լինի իր քաղաքացիներով:

Ինչպես արդեն նշեցի, երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մինչ այժմ ձեռք բերված արդյունքը չի կարող բավարար լինել, քանզի բազմաթիվ են նախանշվելիք ծրագրերը, և պիտի շարունակենք տքնաջան աշխատանքը` փոխգործակցության նոր հեռանկարներ բացահայտելու մղումով:

Հայաստանը և Կանադան կապող յուրահատուկ և կարևոր օղակ է հանդիսանում կանադահայ համայնքը: Վանկուվերից մինչև Մոնրեալ` Կանադայի տարբեր հատվածներում բնակվող մեր շուրջ հարյուր հազար հայրենակիցներն իրենց ամենօրյա տքնաջան աշխատանքով և նվիրվածությամբ ապացուցել են, որ հանդիսանում են միաժամանակ հպարտ հայեր և հպարտ կանադացիներ: Կանադահայ մեր հայրենակիցները հերթական անգամ ցույց տվեցին իրենց միասնականությունն ու ուժը, երբ աջակից դարձան Սիրիայից Կանադա տեղափոխված մեր հայրենակիցներին` այս երկրում արագորեն ադապտացվելու և ամենատարբեր խնդիրների լուծման գործում: Պատահական չէ, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ հղած իր ուղերձում նշել է. «Շնորհակալություն եմ հայտնում կանադահայ համայնքին` Սիրիայից հազարավոր նորեկների ընդունման հարցում իր մեծահոգության և առաջնորդության համար»: Նշեմ, որ հենց այդ մեծահոգության և առաջնորդության շնորհիվ վերջին մի քանի տարիներին ավելի քան չորս հազար սիրիահայեր հաստատվել են Կանադայում:

Կանադահայ համայնքը մշտապես ակտիվ դերակատարում է ունեցել Մայր Հայրենիքին և հայությանն առնչվող բոլոր հարցերի լուծման գործում: Անվարան կարելի է ասել, որ մեր երկիրը Կանադայում ներկայացված է եղել տասնյակ հազարավոր մշակութային դեսպաններով: Միայն մեկ թիվ նշեմ, որը, կարծում եմ, կանադահայ համայնքի կազմակերպվածության աստիճանի մասին խոսուն վկայություն է: 2016 թվականի ընթացքում Կանադայի տարբեր հատվածներում տեղի են ունեցել ավելի քան 200 միջոցառումներ` նվիրված Հայաստանին և հայությանը:

1923 թվականին Կանադա հասած Ջորջթաունյան տղաներից ոչ մեկի մտքով վստահաբար չէր անցնում, որ մի օր իրենց շառավիղները բազմամշակութայնության մարմնացում հանդիսացող այս երկրում այնպիսի զորեղ արմատներ են ձգելու, որ բացի հայապահպանության խնդիրները լավագույնս իրականացնելուց, իրենց երկու հայրենիքներին` Կանադային և Հայաստանին, տալու են Յուսուֆ Քարշ, Իզաբել Բայրաքդարյան, Փիթեր Ունջյան և այլ մեծ անուններ:

Սիրելի հայրենակիցնե՛ր,

Մի քանի ամսից նշվելու է Ղարաբաղյան շարժման երեսնամյակը։ Հիրավի նշանակալի մի տարեթիվ, որը խորհրդանշում է մեր ժողովրդի նորօրյա զարթոնքը, պայքարը հանուն ազատության ու արդարության, հանուն մեր իրավունքների պաշտպանության, խորհրդանշում է մեր հավաքական կամքն ու միասնությունը։

Երբ շուրջ երեսուն տարի առաջ սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումը, դրա բովով անցնող մեր հայրենակիցներից շատերն անգամ չէին կարող պատկերացնել, որ ընդամենը երեսուն տարի անց արձանագրելու ենք ամուր պետականությամբ և սեփական ժողովրդի ամենօրյա աշխատանքի ուժով առաջ շարժվող երկու հայկական պետությունների գոյությունը: Սակայն մեր պապերի ու հայրերի գործը շարունակողներ եղան, և մեր միասնականությունը մեզ ուժ տվեց` հաղթահարելու մեր ճանապարհի բոլոր խոչընդոտները: Ազատ Արցախն այսօր կայացած պետություն է` պետության գոյության համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով, ինչպես նաև իր ժողովրդի` սեփական լուսավոր ապագայի հանդեպ ունեցած հավատով: Երեսուն տարվա հեռավորությունից մենք արձանագրում ենք, որ հայ ժողովուրդը միասնական էր 1988-ին, միասնական է 2018-ի շեմին և միասնական է լինելու հավերժ: Մենք ուխտ ունենք` մեր սերունդներին ավելի լավ Հայաստան փոխանցելու և մենք հավատարիմ ենք այդ ուխտին:

Գալով Արցախյան հակամարտության շուրջ ներկայիս զարգացումներին` հարկ եմ համարում նշել, որ Հայաստանը ըմբռնումով է մոտենում հակամարտության կարգավորման վերաբերյալ Կանադայի չեզոք դիրքորոշմանը և շնորհակալ է վերջինիս` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցելու համար:

Խոսելով աշխարհասփյուռ հայության համար կարևորագույն մեկ այլ թեմայից` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, ուզում եմ հպարտությամբ ընդգծել կանադահայ մեր հայրենակիցների ավանդն այդ կարևոր գործում: Կանադան պատկանում է արդարության ջատագով հանդիսացող այն երկրների ընտանիքին, ովքեր օրենքի ուժով և պետական բոլոր մակարդակներով ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և դատապարտել են դրա կազմակերպիչներին:

Ինչ վերաբերում է այդ հարցում Թուրքիայի իշխանությունների կողմից վարվող ապաշնորհ քաղաքականությանը, ապա այն մշտապես պատուհաս է հանդիսացել հենց իրենց համար: Տարեցտարի նորանոր երկրներ են ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը և Թուրքիայի իշխանություններին կոչ անում` առերեսվել սեփական անցյալին: Վերջիններս դա անելու խիզախություն, ցավոք, դեռևս չունեն: Սակայն մեզ որևէ կերպ հետ չի պահում մեր գործից: Ինչպես նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում ունեցած իր ելույթում. «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել հայ-թուրքական արձանագրությունները և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»:

Հարգելի՛ բարեկամներ,

1991 թվականի այս օրը մեր ժողովուրդը քվեարկեց անկախ ու ժողովրդավար Հայաստանի օգտին: Նման քվեարկություն իրականացնում է այն քաղաքացին, ով լավատես է և վստահ իր ուժերին: Համոզված եմ, որ մեր երկրի անկախության հաջորդ քսանվեց տարիներին մենք շարունակելու ենք առաջ շարժվել ավելի մեծ լավատեսությամբ և ինքնավստահությամբ:

Սեպտեմբերի 21-ը իրավմամբ հանդիսանում է հայոց ժամանակակից պետականության զարթոնքի օրը: Մեր բոլորիս առաքելությունն է` այդ օրն ամեն տարի նշելով` արձանագրած նորանոր հաջողություններ ունենալ:

Կեցցե՛ հայ ժողովուրդը և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր