• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կանադայում ՀՀ դեսպանության 20-րդ հոբելյանը

01 մարտի, 2015

Սիրելի՛ բարեկամներ,

20 տարի առաջ այսօր իր դռները բացեց Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

1995թ. մարտի 1-ին նորանկախ Հայաստանի կողմից դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրման երկրորդ ալիքի շրջանակներում Կանադայում ՀՀ դեսպանության բացումը շրջադարձային քայլ էր հայ-կանադային հարաբերություններում:

Ի սկզբանե դեսպանությունը տեղակայված էր փոքր գրասենյակային տարածքում` Օտտավայի գործարար կենտրոնի Ալբերտ փողոցի վրա, սակայն շատ կարճ ժամանակահատվածում, ԱՄՆ-ի և Կանադայի հայ բարերաների օժանդակությամբ, ձեռք բերվեց և վերանորոգվեց դեսպանության ներկայիս շենքը` գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության մաս կազմող Ռիդո ջրանցքի վրա` 7 Դելավեր պողոտա հասցեում: Ինքը շենքը` կառուցված դեռևս 1908թ., հիմնադրման 100-ամյակի առթիվ Օտտավայի տեղական իշխանությունների կողմից ստացավ Օտտավայի պատմամշակութային ժառանգության կարգավիճակ և ներկայումս յուրաքանչյուր տարի Օտտավայում կազմակերպվող բաց դռների օրերին ընդունում է հարյուրավոր այցելուներ, ովքեր ծանոթանում են Հայաստանի, ինչպես նաև դեսպանության պատմությանը:

Այս քսան տարիների ընթացքում երկար ճանապարհ ենք անցել, ունեցել ենք և՛ հաջողություններ, և՛ խոչընդոտներ: Այսօր հայ-կանադական երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Վերջին տարիներին փոխայցելությունների հաճախակիացումն իր դրական դերն է խաղում երկկողմ հարաբերությունների օրակարգում: Կանադական իշխող շրջանակներում Հայաստանի դիրքորոշումների, քաղաքական և տնտեսական իրավիճակի ըմբռնումը թույլ է տալիս ունենալ անկեղծ երկխոսություն և հաստատուն քայլերով շարժվել դեպի ավելի ամուր, ավելի համապարփակ հարաբերությունների:

Երախտապարտ ենք Կանադային Հայոց ցեղասպանության ճանաչման համար ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մակարդակներում: Շնորհակալ ենք նաև ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված շարունակական գործունեության համար, որի մարմնացումն է Կանադայի մարդու իրավունքների թանգարանի հիմնադրումը Վինիպեգ քաղաքում, ուր ներկայացված է նաև մարդկության դեմ իրականացված մեծագույն ոճիրներից մեկը` Հայոց ցեղասպանությունը:

Լայնորեն ամրապնդվում են հայ-կանադական տնտեսական կապերը: Եթե դեսպանության հիմնադրման առաջին տասնամյակում առևտրային հարաբերությունները սահմանափակվում էին հանքարդյունաբերությամբ, այժմ ունենք փոխգործակցություն բարձր տեխնոլոգիաների, ոսկերչության, տեքստիլների, մսամթերքի, անշարժ գույքի և շատ այլ ոլորտներում: Այս բնագավառների շրջանակը հետագա տարիներին ավելի բազմազան ու ընդգրկուն կլինի:

Վերջին տասնամյակում մեր հայրենիքը քայլեր ձեռնարկեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցելու ուղղությամբ, որի լիիրավ անդամ դարձավ 2012թ.: Պետք է նշեմ, որ Կանադան այս նախաձեռնությունում մշտապես կանգնած է եղել Հայաստանի կողքին և օժանդակել մեր առաջխաղացմանը: Ինչպես իր ուղերձում նշել էր Կանադայի ֆրանկոֆոնիայի նախարար Բերնարդ Վալկուրտը, Կանադան ամբողջապես աջակցում էր Հայաստանի անդամակցության հայտին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2008թ. Քվեբեքյան գագաթնաժողովին և ուրախությամբ ողջունում է Հայաստանին` որպես կազմակերպության լիիրավ անդամ: Ընդհանրապես, միջազգային ասպարեզում մեր երկու երկրները արձանագրել են արտակարգ փոխըմբռնում ու փոխադարձ աջակցություն:

Անհրաժեշտ եմ համարում շնորհակալություն հայտնել Կանադայի հայ համայնքին: Կանադահայությունը այն կամուրջն է, որ կապում է մեր երկու ազգերը: Յուսուֆ Քարշի, Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի, Փիթեր Ունջյանի կամ Իզաբել Բայրակդարյանի պես մշակութային գործիչները, ումով պարծենում են մեր երկու ժողովուրդներն էլ, Կանադայի հասարակության մաս դարձած և օրինավոր քաղաքացիներ հանդիսացող հայորդիները, բարձր են պահում հայի անունը օվկիանոսից անդին և նպաստում են հայ-կանադական կապերի ամրապնդմանը: Այս քսան տարիների ընթացքում մշտապես զգացել ենք Ձեր օժանդակությունը, հայրենիքի կարոտը և հնարավորության սահմաններում Հայաստանին աջակցելու հագուրդ ցանկությունը: Այս առթիվ շնորհակալ ենք Կանադայի հայկական բոլոր կազմակերպություններին ու միություններին:

Սիրելի՛ բարեկամներ,

Վստահ եմ, որ հետագա քսանամյակները հայ-կանադական հարաբերություններում նշանավորվելու են նոր ձեռքբերումներով ու վերելքներով:

Ուղերձիս կցված է 20 տարի առաջ Կանադայում ՀՀ առաջին դեսպան Գառնիկ Նանագուլյանի կողմից տարածված հաղորդագրությունը` Կանադայում Հայաստանի դեսպանության հիմնադրման վերաբերյալ:

 

Արմեն Եգանյան

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: