• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի ելույթը Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ

25 սեպտեմբերի, 2016
Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի ելույթը Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբեր 24, 25, 2016թ., Մոնրեալ, Տորոնտո

Հայրենակիցնե՛ր,

Արդեն հինգերորդ տարին է, որ ինձ պատիվ է ընձեռնվում այստեղ` Կանադայի հյուրասեր հողի վրա, իմ հայրենակիցների հետ միասին տոնել Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձը: Իհարկե, յուրաքանչյուր անգամ երկրիդ անկախության օրը տոնելը առանձնահատուկ զգացումներ է առաջացնում, սակայն այս տարին հիշարժան է նաև նրանով, որ բոլորում ենք անկախ Հայաստանի պատմության 25-ամյա շրջանը: Այդ 25 տարիները կարելի է և՛ պատկառելի ժամանակաշրջան համարել, և՛, միևնույն ժամանակ, դրանք անցան ակնթարթի պես` իրենց մեջ արձանագրելով մեր նորագույն պատմության բազմաթիվ հիշարժան պահեր: Այսօր` 25 տարիների հեռավորությունից, մենք ակամայից հիշում ենք մեր ժողովրդի համար կարևոր ու բեկումնային այդ բոլոր պահերը և անցյալից վերլուծություններ անելով` նայում ենք դեպի ապագա` հաջորդ 25-ամյակի առաջնահերթությունները նախանշելով:

Ասում են, որ պատմությունը պիտի թողնել պատմաբաններին, ուստի այժմ ինձ իրավունք եմ վերապահում մեր անկախ հանրապետության 25-ամյա պատմության վերաբերյալ որոշ վերլուծություններ ներկայացնել ոչ միայն որպես ՀՀ դեսպան, այլ, առաջին հերթին, որպես պատմաբան, քանզի հենց այդ մասնագիտությունն եմ ստացել:

Այսօր խոսելով 25-րդ տարեդարձից, մենք չենք կարող չհիշատակել Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը ստեղծվեծ 98 տարի առաջ` 1918 թվականին` Հայոց ցեղասպանությունից ընդամենը երեք տարի հետո: Երկար դադարից հետո հայ ազգն ապացուցեց, որ նույնիսկ ամենաանհույս թվացող իրավիճակում, դառնալով մեկ բռունցք, հնարավոր է լուծել դժվարին խնդիրը, ինչի արդյունքը և հանդիսացավ երկար հարյուրամյակներ երազած և վերջապես ստեղծված անկապ պետությունը: Չնայած որ այն շատ կարճ գոյատևեց, դա մեզ մեծ գիտելիք տվեց պետական կառույցների ստեղծման և կառավարման փորձի տեսակետից: Եվ եթե չլիներ այդ փորձը, շատ ավելի դժվար կլիներ վերանվաճել մեր անկախությունը 1991թ.:

Այո՛, Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց դժվարին աշխարհաքաղաքական ժամանակաշրջանում, ինչպես և Առաջին Հանրապետությունը, ստեղծվեց` վեր հառնելով յոթանասունամյա կայսրության փլատակների միջից: Եվ այո՛, պիտի խոստովանենք, որ թեև բոլորս միաձայն ձգտում էինք դեպի այդ ազատ և անկախ պետության ստեղծումը, սակայն շատերս հոգու խորքում կասկածներ ունեինք մեր գալիքի, վաղվա օրվա մեր հաղթահարելիք մարտահրավերների համար ունեցած ներուժի վերաբերյալ: Եկեք չմոռանանք նրա մասին, որ չնայած վեց դարից ավել մենք զրկված ենք եղել անկախությունից և պետականությունից, սակայն այդ բոլոր դարերի ընթացքում մեր մշակութային գործիչների, գիտնականների, հայ եկեղեցու շնորհիվ էր, որ հայ իմաստուն ժողովուրդը մշտապես պապհպանել և մինչև 1918 թվական էր հասցրել անկախ լինելու բաղձալի ձգտումը: Եթե չլինեին Մեսրոպ Մաշտոցն ու Մովսես Խորենացին, եթե չլինեին Վարդան Մամիկոնյանն ու Զորավար Անդրանիկը, եթե չլինեին Սայաթ Նովան ու Կոմիտասը, ապա չէին պահպանվի հայ ժողովրդի բարձրագույն արժեքները: Եթե չլիներ հայ ազատագրական միտքը, պայքարը, մեր երեք ավանդական կուսակցությունները, որոնք 19-րդ դարից ի վեր, մեծագույն կազմակերպչական աշխատանք են իրականացրել, չէր լինի ոչ 1918 թվականը, ոչ էլ 1991 թվականը: Մենք ուրացող ժողովուրդ չենք, որովհետև այն ժողովուրդը, որն ուրանում է իր պատմությունը, երբեք չի արժանանա պայծառ ապագայի և ինքնուրույն սեփական ճակատագիրը որոշելու իրավունքին:

Անցած 25 տարիները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ չնայած բոլոր դժվարություններին, հայերն անհաղթ են, եթե համախմբվում են ընդհանուր նպատակի շուրջ: Եվ չնայած անհաղթահարելի թվացող խնդիրներին` աղետալի երկրաշարժին, սկիզբ առնող սարսափելի պատերազմին ու շրջափակմանը` մենք այսօր մեր 25-րդ անկախ սեպտեմբերի 21-ը դիմավորում ենք գլուխներս բարձր ու հաստատակամ` առաջ շարժվելու կրկնակի եռանդով ու նվիրվածությամբ:

Հայաստանի Հանրապետության 3 նախագահների և 14 վարչապետերի գլխավորած կառավարությունների, մեկ գումարման Գերագույն խորհրդի և հինգ գումարման Ազգային ժողովների օրոք Հայաստանը թեև շատ խնդիրների է առերեսվել, բայց նաև բազմաթիվ ձեռքբերումներ է արձանագրել: Եղել են նաև սխալներ: Առկա են նաև խնդիրներ, որոնք մինչ այժմ իրենց վերջնական լուծումը չեն ստացել: Դա վերաբերվում է թե՛ ժողովրդավարական բարեփոխումներին, թե՛ մարդու իրավունքներին և թե՛ կոռուպցիային, որը հիվանդության պես ժառանգվել էր Խորհրդային միությունից: Համենայն դեպս, առաջընթացն ակնհայտ է: Ժողովրդավարության բնագավառում բարեփոխումներն անշրջելի են: Քաղաքացիական հասարակությունն իր հստակ դերն ունի այսօրվա Հայաստանում, այն աշխույժ է և անզիջում: Կոռուպցիան տարեցտարի նվազում է Հայաստանում: Եվ միգուցե մենք դեռ հեռու ենք Երկիր Օրինաց կառուցելուց, բայց մենք միանշանակ ճիշտ ուղու վրա ենք: Մենք նաև ունեցել ենք լրջագույն խնդիրներ Սփյուռքի հետ, կատարել ենք անթույլատրելի սխալներ, բայց, փառք Աստծո, շտկել ենք դրանք, և այսօր աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայը իրավունք ունի Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի լինելու: Եվ այստեղ ես ուզում եմ մատնանշել, որ Սփյուռքն իր հերթին ավելի ակտիվ դերակատարություն պետք է ունենա Հայրենիքի կյանքում, մասնակցի բոլոր կարևոր գործընթացներին և դա անի տիրոջ իրավունքով: Ես միաժամանակ չափազանց շնորհակալ եմ և գնահատում եմ այն սփյուռքահայերի մասնակցությունը Հայաստանի կյանքում, որոնք անկախությունից ի վեր իրենց արժեքավոր մասնակցությունն են բերել պետականաշինության գործում: Միևնույն ժամանակ, դժգոհ եմ սփյուռքի այն հատվածից, որն անտարբեր է Հայաստանի և Արցախի խնդիրների նկատմամբ և իր միասնականությունն է ցուցաբերում միայն աղետների ժամանակ: Սա սխալ է և անհեռանկար: Մենք չունենք պառակտված և անտարբեր լինելու շռայլության իրավունքը: Ես կոչ եմ անում բոլոր սփյուռքահայերին` տիրոջ իրավունքով, իրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքով ամեն օր մասնակցել մեր ապագայի կառուցմանը:

Ինչպես նշեցի, խնդիրների հետ մեկտեղ, մեր գրանցած առաջընթացն ակնհայտ է: Հայաստանն այսօր հանդիսանում է միջազգային հանրության լիիրավ անդամ` իր անդամակցությունը բերելով և ամբողջականորեն ներգրավված լինելով մի շարք միջազգային կառույցների աշխատանքներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Եվրոպական կառույցները, ԱՊՀ-ն և այլն: Հայաստանի Հանրապետությունն իր վճռական մասնակցությունն է բերում աշխարհի տարբեր հատվածներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին: Հայ զինվորը բարձր պատասխանատվությամբ իրականացնում էր և շարունակում է իրականացնել իր առջև դրված առաջադրանքներն Իրաքում, Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում: Ի վերջո, անցած 25 տարիների ընթացքում մենք հաջողել ենք ստեղծել հզոր և մարտունակ բանակ, որն այսօր հանդիսանում է համայն հայության անվտանգության հիմնական երաշխավորը:

Ելնելով մեր դառն անցյալից` մենք այսօր արդեն դարձել ենք մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարող առաջամարտիկներից մեկը` տրամադրելով բազմաթիվ հարթակներ միջազգային գիտաժողովների համար և հանդիսանալով տարատեսակ միջազգային փաստաթղթերի նախաձեռնող: Անցած տարի, երբ մենք հիշատակում էինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Հայաստանի Հանրապետությունը և սփյուռքյան բոլոր կառույցները լիակատար ապացուցեցին ամբողջ աշխարհին, որ հայ ազգը լուրջ դերակատար է ցեղասպանությունների դեմ անզիջում պայքարում:

Անձամբ անկախության գրեթե առաջին տարիներից աշխատելով Հայաստանի դիվանագիտական համակարգում` կարող եմ հենց այդ ոլորտի օրինակով հաստատել, որ առաջընթացն անուրանալի է: Եթե անկախության առաջին տարիներին արտերկրում ունեինք սակավ թվով դեսպանություններ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում բազմաթիվ խոչընդոտների էին հանդիպում և տարրական աշխատանքային կարիքներ հոգալու խնդիր ունեին, ապա այսօր ունենք ամբողջովին կայացած դիվանագիտական համակարգ, որն ամբողջ աշխարհում վստահորեն պաշտպանում է Հայաստանի Հանրապետության շահերը: Դրանում կարող է համոզվել յուրաքանչյուրը` այցելելով Վաշինգտոնում, Փարիզում, Մոսկվայում, Ջակարտայում, Մեխիկոյում կամ Օտտավայում տեղակայված ՀՀ դեսպանություն:

Սիրելի հայրենակիցնե՛ր,

Ինչպես ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի միջոցառումների ժամանակ շատ ճիշտ կերպով նկատեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մեր ուժն է: Քառորդ դարի ընթացքում ինչ արել ենք, արել ենք միասին: Վաղը պետք է անենք ավելին:

Անցած քսանհինգ տարիների ընթացքում չի եղել որևէ մարտավարական և ռազմավարական խնդիր կամ ծրագիր, որը հնարավոր չլիներ լուծել և իրագործել այս եռամիասնության շրջանակներում: Մենք մշտապես եղել ենք իրատես և հստակ ենք գնահատել մեր հնարավորություններն ու կարողությունները: Դրա շնորհիվ էր, որ մշտապես կարողացել ենք հասնել այն նպատակների իրականացմանը, որոնք սահմանվել էին մեր կողմից: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրման գործում ահռելի ավանդ ունեցան դեսպանընկալ երկրների հայ համայնքները: Անկախության վերանվաճման առաջին տարիներին տեղի ունեցած գագաթնաժողովներին և բարձր մակարդակի հանդիպումներին որևէ նորանկախ երկիր չէր ներկայանում այնպիսի պատվախնդրությամբ, ինչպես որ ներկայանում էր Հայաստանի Հանրապետությունը: Իսկ դրա հետևում առկա էր սփյուռքի կառույցների, կազմակերպությունների և անհատների ահռելի և շատ դեպքերում՝ անտեսանելի աշխատանքը: Այդ շունչն ու ոգին զգացել ենք և՛ անկախությանը նախորդած ավերիչ երկրաշարժի, և՛ անկախության հռչակմանն անմիջապես հաջորդած Արցախյան հերոսամարտի օրերին: Աշխարհի կարևորագույն կենտրոններում ներկայացված լինելով՝ բարեկամներ ունենալու և նորանկախ մեր պետության ձայնը տեղ հասցնելու հնարավորությունը մշտապես հպարտությամբ է լցրել մեր սրտերը:

Անցած բոլոր տարիների ընթացքում Հայաստանի բոլոր անկյուններում մենք մշտապես զգացել ենք սփյուռքի ներկայությունը և աջակցությունը: Հայոց պետականության վերականգնումը եղել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը կամրջող կարևորագույն նպատակներից մեկը: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ կանադահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ այս կարևոր տոնակատարությունների օրերին հայրենիքում են: Երբ 1923թ. Ջորջթաունյան տղաները և նրանց հաջորդող ներգաղթյալների այլ հոսքերը հասան Կանադա, նրանցից ոչ մեկի մտքով վստահաբար չէր անցնում, որ մի օր իրենց շառավիղները բազմամշակութայնության մարմնացում հանդիսացող այս երկրում այնքան են կայանալու և այնպիսի զորեղ արմատներ են ձգելու, որ բացի հայապահպանության խնդիրները լավագույն կերպով լուծելուց, իրենց երկու հայրենիքներին` Կանադային և Հայաստանին, տալու են Յուսուֆ Քարշ, Իզաբել Բայրաքդարյան, Փիթեր Ունջյան և այլ մեծ անուններ:

Մեր անկախության հոբելյանների առիթով այստեղ` Կանադայում, մեկ անգամ չէ, որ հնարավորություն եմ ունեցել խոսելու նաև հայ-կանադական երկկողմ հարաբերություններից: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Միասին մենք ամրապնդում ենք մեր երկու երկրների միջև հարաբերությունները: Ինչպես սեպտեմբերի 21-ի առթիվ իր ուղերձում իրավացիորեն նշել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն. «Կանադայի ու Հայաստանի Հանրապետության միջև առկա են աշխույժ և բարեկամական հարաբերություններ, որոնք հիմնված են ժողովրդավարության և ազատության ընդհանուր արժեքների վրա»:

Այո՛, ինչպես Կանադայում, այնպես էլ ողջ աշխարհում մենք ունենք հրաշալի բարեկամներ, գործընկերներ և դաշնակիցներ: Շնորհակալ ենք նրանց համագործակցության համար, բայց չմոռանանք, որ պատասխանատվությունը մերն է, միայն ու միայն մերը: Հայաստանի անկախության վերջին քսանհինգ տարիները ևս մեկ անգամ հաստատում են, որ մեր փոխարեն մեր առջև ծառացած խնդիրները ոչ ոք չի լուծելու:

Հարգելի՛ բարեկամներ,

Հայ ժողովրդի հազարամյա երթը լցրել է պատմության գրքերի էջերը՝ անթիվ հիշողություններով, լցրել է ուրախության արցունքներով, կորստի ցավով, հակառակորդի դեմ վճռականությամբ կանգնելով և անարդարության դեմ պայքարելով, լցրել է անհույս գիշերների աղոթքներով և խոստումնալից հաղթանակներով, որ գալիս են արևի առաջին ճառագայթների հետ: Մեր ժողովուրդը հոյակապ հիշում է մեր պատմության յուրաքանչյուր էջը՝ իր պայքարի պատմությունը: Մենք հիշում ենք նրանց, ովքեր ընկել են, և առաջ ենք շարժվում` նշելով մեր հաղթական միասնության յուրաքանչյուր օրը: 25 տարի առաջ ոսկե տառերով մի նոր էջ գրվեց՝ ներառվելով մեր պատմության գրքում: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մի ամբողջ ազգ ոտքի կանգնեց և միաձայն աշխարհին հայտարարեց, որ իր վրա է վերցնում սեփական ճակատագիրը կառուցելու բեռը, պատասխանատվությունն ու պատիվը: Ամեն տարի, առաջ նայելով, մենք խոստանում ենք, որ մենք ենք մեր երեխաների անամպ արշալույսների և մեր ծնողների խաղաղ մայրամուտների երաշխավորը, մենք` միավորված հայ ժողովուրդը:

Սեպտեմբերի 21-ը վաղուց դարձել է մեր հավատքի, համոզմունքների և վստահության խորհրդանիշը:

Ուրեմն կեցցե՛ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: